Skip to content

ՄԵՆՔ | ԳԷՈՐԳ ԷՄԻՆ

August 29, 2011

 

Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթէ ծուռ նստենք, բայց խօսենք շիտակ.
Եթէ նաւ՝ ապա չոր ժայռի վրայ,
Եթէ գաւ՝ ապա արցունքով լեցուն,
Եթէ հող՝ապա քարացած ահից,
Եթէ քար՝ապա ճչացող ցաւից,
Հզոր մի ոգի, որ չունէ՜ր մարմին,
Եզակի որակ՝ առանց քանակի,
Քաջարի սպա՝ առանց բանակի,
Պաշտամունք՝ հնի ու աւերակի…

Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թէ շիտակ նստած՝ծու՜ւռ խոսենք անգամ,
Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հիւր՝իր սեփական օջախ ու յարկում.
Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
Լեռ, որ հեռուի՛ց է միայն երևում,
Անժողովուրդ հո՛ղ,
Անհող ժողովո՛ւրդ
Եւ ցրուած հուլունք, Որ չէր ժողովում:

Մենք խո´ւլ ենք կիսով.
Ամէն մի նոր ձայն թէև շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜սն է խշշում՝
Փնտռելով խօսքեր դառնալու հնար:

Մենք կա´ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիոյ աւազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին…
Մեր միւս ոտքը
Խրուած է Մասիս լերան ձիւնի մէջ,
Եւ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտութեան շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտըտուում անվերջ…

Մենք կոյր ենք կիսով.
Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
Եւ աղո՜տ ենք մենք տեսնում,
Անկատա´ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զէնք բռնել միւսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա՛մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար…

Որ չուրախանա՛նք մեր ուրախութեամբ,
Չհպարտանանք մեր հպարտութեամբ
Ու… չսգանք մեր զոհերն անհամար:

Արայի պէս ենք մենք սիրահարուում.
Մեզ թւում է միշտ,
Թէ սիրով տարուած՝մեր հողն ենք լքում
Եւ… վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կէս ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կէսն
Անեծքի՜ց,
Ցաւի´ց…

Մենք կէս,
Կէս ենք մենք,
Չլինէինք կէս՝
Հայ կը լինէինք,
Եւ ոչ թուրքահայ,
Կամ ֆրանսահայ.
Կամ Արաբահայ,
(Իսկ վաղն աստղահայ
Եւ կամ լուսնահայ…)

Կէս ենք,
Երկճեղքուած,
Կիսուած,
Երկգագաթ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման…
Բայց վկայ ճեղքուած Մասիս լեռը մեր,
Վկայ մեր կէսը մորթուած Տէր Զօրում
Եւ այն կէսը,
Որ ես եմ,
Դո՛ւ և նա՛,
Մենք կը միանանք
Մենք կ’ամբողջանանք,
Կը գտնենք մի օր
Լրիւ դառնալու հնա՛րն անհրար:

Մենք փո՜քր ենք, այո՛,
Փո՛քր,
Լեռների ծերպից սուրացող այն քարի՛ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո՛ւժն ունի.
Փո՛քր,
Լեռնային մեր գետերի պէս,
Որոնք վիթխարի ո՛ւժ են ամբարել,
Անծանօ՜թ՝
Հովտի ծոյլ-ծոյլ գետերին:
Մենք փո՜քր ենք, այո,

Փո՛քր ենք,
Բայց ինչպէս գնդակը՝փողո՛ւմ,
Ինչպէս կաղնու սերմն՝արգաւանդ հողում

Ոսկու մի հատի՛կ,
Որ վերևի՛ց է նայում
Կապարի ու թուջի քաշին.

Մենք փո՜քր ենք,
Սակայն համեմունք ենք մենք…
Ա՛ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի…

Մենք փո՜քր ենք, այո՛,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմէ՛ք այնքան,
Որ մենք ստիպուած…ադամա՜նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անէք,
Որ միշտ մե՛զ տեսնէք՝
Ուր էլ որ գնաք…

Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բիւրականից մինչ Լուսի՛ն է հասնում,
Եւ Լուսավանից մինչև Ուրարտո´ւ…

Փո՛քր,
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դար ու դարեր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում…

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.